քաղաք Երևան
1. Հիմնական հասկացություններ
Օֆերտա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 451-րդ հոդվածով նախատեսված պայամանգիրը կնքելու հրապարակային առաջարկ:
Ակցեպտավորում՝ հրապարակային առաջարկն ընդունելու մասին լրիվ և անվերապահ համաձայնություն պարունակող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 454-րդ հոդվածով նախատեսված պատասխան:
Էլեկտրոնային առևտրային հարթակի տրամադրման ծառայություններ` հարթակից օգտվելու իրավունքի (թույլտվության) տրամադրման ծառայություններ, որոնք տրամադրվում են «Թել-Սել Մարկետ» ՓԲԸ կողմից՝ իր կողմից տնօրինվող telcell.market կայքում, ածանցվող հարթակներում (հավելվածներում):
Էլեկտրոնային առևտրային հարթակը տնօրինող՝ « Թել-Սել Մարկետ» ՓԲԸ, որը տնօրինում է telcell.market կայքը, ածանցվող էլեկտրոնային հարթակները (հավելվածները):
Գնորդ (սպառող)՝ Էլեկտրոնային առևտրային հարթակի տրամադրման ծառայություններից օգտվող՝ telcell.market կայքում, ածանցվող հարթակներում (հավելվածներում) գնում կատարող անձ:
Վաճառող Էլեկտրոնային առևտրային հարթակի տրամադրման ծառայություններից օգտվող՝ telcell.market կայքում, ածանցվող հարթակներում (հավելվածներում) ապրանք վաճառող իրավաբանական անձ եւ (կամ) անհատ ձեռներեց:
Ապրանք գույքային (իրային) միավոր, որն ունի որոշակի արժեք:
Վճար՝ Գնորդի կողմից էլեկտրոնային առևտրային հարթակում կատարված յուրաքանչյուր գնման համար Վաճառողին վճարվող գումար։
Սույն օֆերտան հանդիսանում է «Թել-Սել Մարկետ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Էլեկտրոնային առևտրային հարթակը տնօրինող )-ի` պայմանագիր (այսուհետ ՝ Պայմանագիր) կնքելու հրապարակային առաջարկ (այսուհետ՝ Օֆերտա), ստորև նշված պայմաններով:
Օֆերտան պարունակում է պայմանագրի բոլոր էական պայմանները, և էլեկտրոնային առևտրային հարթակը տնօրինողի առաջարկն է՝ ուղղված ցանկացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ, կնքել պայմանագիր ստորև ներկայացված պայմաններով (Օֆերտայի պայմաններ), որը հրապարակված է https://telcell.market/ կայքում:
2. Սույն օֆերտայի էական պայմանները
2.1 Գնորդն իրականացնում է ապրանքների գնում՝ Էլեկտրոնային առեւտրային հարթակը տնօրինողի՝ https://telcell.market/ կայքի, ածանցվող էլեկտրոնային հարթակների (հավելվածների) միջոցով: Գնորդն ապրանքների գնումն իրականացնելիս Էլեկտրոնային առեւտրային հարթակը տնօրինողի՝ https://telcell.market/ կայքում, ածանցվող էլեկտրոնային հարթակներում (հավելվածներում) կարող է կցել ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերի կողմից թողարկված վճարային քարտ (միեւնույն վճարային քարտը կարող է կցվել բացառապես մեկ օգտահաշվի)։ Ընդ որում, Գնորդի կողմից կցված վճարային քարտի վերաբերյալ տվյալները պահպանվում են գործընկեր ֆինանսական կազմակերպությունում։
2.2. Գնորդն իրավունք ունի չեղարկելու գնված ապրանքը՝ բացառապես Էլեկտրոնային առեւտրային հարթակի միջոցով:
2.3. Գնորդն իրավունք ունի վերադարձնել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը, եթե նշված ապրանքը հարմար չէ ձեւով, եզրաչափերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով եւ չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ՝ բացառությամբ սահմանած անվանացանկով ապրանքների:
2.4. Գնորդն իրավունք ունի վերադարձնել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը տասնչորս օրվա ընթացքում` չհաշված գնման օրը, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել:
2.5. Գնորդի կողմից գնված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը ենթակա է վերադարձի, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաեւ վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային չեկը եւ պահպանվել են 2.4 կետի պահանջները:
2.6. Եթե Գնորդի հարթակի միջոցով վաճառողին դիմելու օրը վաճառքում նմանօրինակ ապրանքը բացակայում է, ապա գնորդն իրավունք ունի պահանջել հետ վերադարձնել նշված ապրանքի համար վճարված գումարը:
2.7. Պատշաճ որակի ապրանքը չի կարող վերադարձվել՝
ա) երբ վաճառվում են ապրանքներ, որոնք ունեն արագ փչացման, քայքայման կամ որակի փոփոխության հատկություններ,
բ) կապարակնքված ապրանքների վաճառքի դեպքում, որոնք վերադարձման ենթակա չեն՝ ելնելով առողջապահական կամ հիգիենիկ նկատառումներից, եւ որոնք, մատակարարվելուց հետո, ապակապարակնքվել են գնորդի կողմից,
գ) ապրանքների վաճառքի դեպքում, որոնք իրենց բնույթից ելնելով, անքակտելիորեն միախառնվում են միմյանց հետ.
դ) կապարակնքված ձայնային կամ տեսաձայնային ձայնագրության կամ կապարակնքված ծրագրային ապահովման վաճառքի դեպքում, որոնք վաճառքից եւ մատակարարումից հետո ապակապարակնքվել են գնորդի կողմից,
ե) թերթերի, ամսագրերի, գրքերի կամ այլ տպագիր նյութերի վաճառքի դեպքում,
զ) թվային կրիչի վրա չմատակարարվող թվային բովանդակության մատակարարման դեպքում, երբ դրա կատարումը սկսվել է սպառողի անվերապահ նախնական համաձայնությամբ, ըստ որի` գնորդն այդպիսով կորցնում է իր վերադարձման իրավունքը:
2.7.1. Չեն կարող վերադարձվել հետեւյալ ոչ պարենային ապրանքները՝
Ա. Ապրանքներ տնային պայմաններում հիվանդությունների կանխարգելման եւ բուժման համար (մետաղից, ռետինից, տեքստիլ եւ այլ նյութերից առողջարարության (կազդուրիչ) եւ հիգիենայի առարկաներ, բժշկական գործիքներ, սարքեր ու ապարատներ, բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ, տեսողության լինզաներ, երեխաների խնամքի առարկաներ), դեղորայք,
Բ. Անձնական հիգիենայի առարկաներ (ատամի խոզանակներ, սանրեր, մազակալներ, բիգուդիներ, կեղծամներ, շինյոններ եւ այլն),
Գ. Պարֆյումերակոսմետիկական ապրանքներ՝ բացառությամբ օծանելիքի,
Դ. Բամբակյա, վուշե, մետաքսյա, բրդյա եւ սինթետիկ կտորներ, գործվածքի տիպի ոչ գործվածքային նյութերից ապրանքներ (ժապավեններ, երիզահանգույցներ, ժանյակներ եւ այլն), մալուխային արտադրանք (լարեր, քուղեր, մալուխներ եւ այլն), շինարարական եւ վերջնամշակման նյութեր (լինոլեում, թաղանթներ, գորգային ծածկեր եւ այլն) եւ մետրերով բաց թողնվող այլ ապրանքներ,
Ե. Տրիկոտաժե սպիտակեղեն, գուլպեղենի արտադրանք,
Զ. Պոլիմերային նյութերից ապրանքներ եւ նյութեր, որոնք շփվում են սննդամթերքին, այդ թվում` միանգամյա օգտագործման (ճաշի եւ խոհանոցային ամանեղեն ու պարագաներ, սննդամթերքի պահման եւ տեղափոխման համար տարողություններ ու փաթեթավորման նյութեր),
Է. Կենցաղային քիմիական ապրանքներ, պեստիցիդներ եւ ագրոքիմիկատներ,
Ը. Թանկարժեք մետաղներից ապրանքներ, թանկարժեք քարերով ապրանքներ, կիսաթանկարժեք եւ սինթետիկ քարերով ագուցված թանկարժեք մետաղներից պատրաստված ապրանքներ, երեսակված թանկարժեք քարեր,
Թ. Մոտոհեծանվային ապրանքներ եւ դրանց կցորդները եւ համարակիր ագրեգատները, գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված փոքր մեխանիզացիայի շարժամիջոցներ, կենցաղային նշանակության այլ լողամիջոցներ,
Ժ. Քաղաքացիական զենք, քաղաքացիական հրազենի հիմնական մասեր ու դրանց փամփուշտները:
2.7.2. Ապրանքի վերադարձման դեպքում՝ վերադարձված ապրանքի դիմաց փոխադրող ընկերության վճարը հետ չի վերադարձվում:
2.8. Գնորդն իրավունք չունի բացելու առաքանին մինչեւ առաքումը հաստատող համապատասխան ուղեկցող փաստաթղթերի ստորագրումը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վնասված առաքանու համար արդեն կազմվել է համապատասխան ակտ:
2.9. Գնորդը պարտավոր է կատարել պայմանագրին համապատասխան՝ տեղափոխված ապրանքների ընդունումն ապահովող բոլոր անհրաժեշտ գործողությունները: Գնորդն ընդունված ապրանքները պետք է զննի սահմանված ժամկետում: Գնորդը պարտավոր է այդ նույն ժամկետում` օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով սահմանված կարգով, ստուգել ընդունած ապրանքների քանակն ու որակը եւ հայտնաբերված անհամապատասխանությունների կամ թերությունների մասին անհապաղ գրավոր տեղեկացնել տեղափոխողին: Ապրանքի զննումից հետո գնորդը փաստացի ընդունում է ապրանքը կամ հրաժարվում է ընդունել այն։
2.9.1. Գնորդը կարող է չզննել առաքանին, սակայն այդ դեպքում կկրի դրա բացասական հետեւանքը, այն է՝ թերություն ունեցող ապրանքի վերաբերյալ տեղափոխողին պահանջներ ներկայացնելու հնարավորության բացակայությունը։
3. Կողմերի պատասխանատվությունը
3.1. էլեկտրոնային առեւտրային հարթակը տնօրինողը չի տիրապետում վաճառվող ապրանքների, դրանց առանձին եւ (կամ) որակական հատկանիշների վերաբերյալ տեղեկատվությանը եւ չի իրականացնում ապրանքների վաճառք: էլեկտրոնային առեւտրային հարթակը տնօրինողը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 416.2 հոդվածի համաձայն, պատասխանատվություն չի կրում հարթակն օգտագործելու ընթացքում վաճառողի եւ գնորդի, սույն դեպքում` երրորդ անձանց միջեւ կնքված պայմանագրերից ծագող պարտավորությունների համար։
3.2. Կողմն ազատվում է պատասխանատվությունից՝ Պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները մասնակի կամ ամբողջությամբ չկատարելու դեպքում, եթե դրա չկատարումը հանդիսանում է արտակարգ բնույթի հանգամանքների հետեւանքով (ֆորս- մաժոր) առաջացած անհաղթահարելի ուժի հետեւանք, որոնք կողմը չէր կարող ոչ կանխատեսել, ոչ կանխել ողջամիտ միջոցներով: Արտակարգ բնույթի նման հանգամանքների շարքին են դասվում՝ տարերային աղետները, վթարները, ջրհեղեղները, երկրաշարժերը, համաճարակները, հրդեհները, զանգվածային անկարգությունները, գործադուլները, հեղափոխությունները, ռազմական գործողությունները, Պայմանագրում նշված գործունեության տեսակներն ուղղակիորեն կամ անուղղակի արգելող պետական մարմինների օրենսդրական ակտերի, կառավարության որոշումների եւ կարգադրությունների ուժի մեջ մտնելը, հաշվարկային համակարգի աշխատանքի ձախողման / խափանման հետ կապված հանգամանքները, ինչպես նաեւ կողմերի ողջամիտ վերահսկողությունից դուրս ցանկացած այլ հանգամանքներ, որոնք խոչընդոտում են պարտավորությունների կատարմանը:
3.3. Սույնով Գնորդն ընդունում է, որ ծանոթացել է «Հարթակի օգտագործման ընդհանուր դրույթներին եւ պայմաններին» եւ «Գաղտնիության քաղաքականությանը», որոնք սույն օֆերտայի բաղկացուցիչ մասերն են եւ պատասխանատվություն է կրում կայքի օգտագործման եւ դրա հետեւանքների համար:
3.4. էլեկտրոնային առեւտրային հարթակը տնօրինողը Գնորդի անձնական տվյալները ստանում, հավաքում, օգտագործում եւ փոխանցում է բացառապես էլեկտրոնային առեւտրային հարթակի՝ «Գաղտնիության քաղաքականությանը» համաձայն: Սույնով Գնորդը համաձայնություն է տալիս իր կողմից էլեկտրոնային առեւտրային հարթակին տրամադրած տվյալների կամ ցանկացած այլ տեղեկատվություն մշակմանը էլեկտրոնային առեւտրային հարթակի կողմից։
4. Օֆերտայի կնքման համար անհրաժեշտ գործողությունները
4.1. Սույն օֆերտան համարվում է ընդունված ակցեպտավորման պահից՝ առանց կողմերի ստորագրության։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 454-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն Օֆերտայի պատշաճ ակցեպտ (ընդունում) են համարվում օֆերտա ստացած անձի՝ սույն օֆերտայով սահմանված 4.2 կետում նկարագրված գործողությունները.
4.2. Սույն Օֆերտայի ակցեպտի եւ https://telcell.market/ կայքում նշված Պայմանագրի կնքման համար հետեւյալ բոլոր պարտադիր գործողությունների կատարումը՝
Սույն Պայմանագրի պայմաններին եւ բոլոր ածանցվող հարթակներում (հավելվածներում) ծանոթացումը,
Հատուկ նշանային համակարգի մուտքագրման միջոցով հաստատումն առ այն, որ ակցեպտավորողը ծանոթացել է Պայմանագրի պայմաններին եւ համաձայն է դրանց հետ:
5. Օֆերտայի պայմանների փոփոխության կարգը եւ ծանուցումները
5.1. էլեկտրոնային առեւտրային հարթակը տնօրինողն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ միակողմանիորեն թարմացնել կամ այլ կերպ փոփոխություններ կատարել սույն Պայմանագրում՝ այդ մասին ծանուցելով Գնորդին ցանկացած ձեւով (այդ թվում՝ էլեկտրոնային փոստով, էլեկտրոնային առեւտրային հարթակը տնօրինողի կայքի եւ ածանցվող էլեկտրոնային առեւտրային հարթակների (հավելվածների) միջոցով: Եթե Գնորդը շարունակում է մուտք գործել եւ (կամ) օգտագործել էլեկտրոնային առեւտրային հարթակը տնօրինողի ածանցվող էլեկտրոնային առեւտրային հարթակները (հավելվածները) ի), ապա նա համաձայնում է փոփոխված պայմաններին:
5.2. Սույն Պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում՝ Պայմանագրի շրջանակներում Գնորդի կողմից էլեկտրոնային առեւտրային հարթակը տնօրինողին հասցեագրված բոլոր ծանուցումները պետք է լինեն գրավոր եւ հասցվեն «ԹԵԼ-ՍԵԼ ՄԱՐԿԵՏ» փակ բաժնետիրական ընկերություն՝ ՀՀ, ք. Երեւան, Հակոբ Հակոբյան 3 փ., հիմնական մասնաշենք,1-ին սեկցիա, 3-րդ հարկ հասցեով: Բոլոր նման ծանուցումները համարվում են ստացված դրանց փաստացի ստացման դեպքում:
5.3. էլեկտրոնային առևտրային հարթակը տնօրինողը կարող է Ծանուցումներ ուղարկել Գնորդին էլեկտրոնային փոստով և/կամ էլեկտրոնային ցանկացած այլ ուղիներով, ինչը կհամարվի Գնորդի կողմից ստացված` այդ ծանուցումները ուղարկելու պահից:
6. Այլ պայմաններ
6.1. Հարթակը տնօրինողը կարող է մերժել Գնորդի կողմից Հարթակի օգտագործումը կամ մերժել այդ իրավունքի հետագա իրացումը. եթե Գնորդը Հարթակի պահանջով չտրամադրի Հարթակի կողմից մատանշված անհրաժեշտ տվյալները, փաստաթղթերը, ինչպես նաև կատարի այնպիսի գործողություններ, որոնք առերևույթ հակասում են Հարթակի օգտագործման ընդհանուր դրույթներին և կանոններին:
6.2. Գնորդի համար կարող են նախատեսվել հարթակից օգտվելու համար առաջարկվող փաթեթներ և այլ արտոնյալ պայմաններ, որոնց Գնորդը կարող է ծանոթանալ հարթակի համապատասխան հատվածներում թարմացումների և ծանուցումների միջոցով:
6.3. Հարթակը տրամադրողի պատասխանատվությունը սահմանափակված է բացառապես իր կողմից տրամադրվող հարթակի օգտագործման թույլտվության (լիցենզիայի) շրջանակներում:
6.4. Հարթակի գործառութավորումն իրականացվում է ՀՀ տարածքում. դրա նկատմամբ կիրառելի են բացառապես ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգավորումները և իրավական նորմերը:
7. Վեճերի լուծման կարգը
7․1. Սույն այմանագրի շրջանակներում կողմերի միջև առաջացած վեճերը լուծվում են կողմերի անմիջական բանակցությունների միջոցով:
7․2. Անմիջական բանակցություններ սկսելու օրվանից մեկ ամսվա ընթացքում տարաձայնությունները չլուծելու և/կամ դրանց լուծման ուղղությամբ համաձայնության չհասնելու դեպքում, դրանք ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7․3 Հայերեն, ռուսերեն և անգլերեն տեքստերի կամ դրանց մեկնաբանությունների միջև որոշակի տարբերությունների առկյության դեպքում նախապատվությունը տրվում է հայերենին:
home
catalog
cart
account
back
help_for_customers
copyright